Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանը՝ հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: 11-րդ նստաշրջանի կազմակերպումն ստանձնած Հայաստանի պատվիրակությունը, Ղրղզստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով:
Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները և լուծել փաստաթղթերի կազմման հետ կապված տեխնիկական հարցեր: Որոշվել է հաստատել անդամ պետությունների մաքսային ծառայությունների փորձաքննության միասնական ձևը, սահմանել նորմատիվ-տեղեկատվական տվյալների փոխանակման տեխնիկական պայմանները: Հավանության է արժանացել ՄՄ տարածքում, որպես ապրանքի փաստացի դուրսբերումը հաստատող հիմնական միջոց, տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգի կիրառման նախագիծը:
Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդը դիտարկել է նաև մաքսային հսկողությունը հետբացթողումային փուլում առավել շեշտադրելու ուղղությամբ միասնական մոտեցումների ձևավորման և խողովակաշարային ու էլեկտրահաղորդման ուղիներով ապրանքների տեղափոխման նկատմամբ հատուկ մաքսային հսկողություն սահմանելու հարցերը:
«Հսկողությունը հայտարարագրման փուլից հետբացթողումային փուլ տեղափոխելու նախաձեռնությունն առաջին հերթին բիզնեսի շահերից է բխում և նպաստելու է մաքսային գործընթացների իրականացման արագացմանը»,-նշել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Մալինինը:
Խորհուրդը դիտարկել է մաքսային գործընթացների իրականացումն այն ապրանքախմբերի դեպքում, որոնց միջազգային փոստային առաքումը ՄՄ մաքսային օրենսգրքով արգելվում է: Քննարկվել են նաև փաստաթղթաշրջանառության կրճատման, ապրանքների դասակարգման ներդաշնակեցված համակարգի կայացման, ինչպես նաև տարանցիկ փոխադրումների դեպքում ապրանքաշրջանառության իրականացման համար երաշխիքների ապահովման վերաբերյալ առաջարկները:
Օրակարգում է եղել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ ՄՄ անդամ երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը: Խորհրդի որոշմամբ շարունակվելու են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար բարենպաստ պայմաններ ստեղծվել մաքսային և հարկային վճարումների կատարումը վկայող հավաստագրի կիրառման դեպքում:
Վլադիմիր Մալինինը նկատել է, որ ՄՄ և Հայաստանի միջև աշխատանքային ռեժիմով մշտական երկխոսություն է իրականացվում. «ՌԴ մաքսային ծառայությունն աջակցում է Հայաստանին միությանն անդամակցելու ճանապարհին` ուղարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ծանոթացնելով ՄՄ մաքսային օրենսգրքին»: